Ես հանձնառու եմ մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն

26/9/2024 10:24

Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին` այս բաց քննարկումը կազմակերպելու համար և հավելել. «Համաշխարհային անվտանգության ճգնաժամը խարխլել է բազմակողմ համակարգը։ Մենք շարունակում ենք ականատես լինել հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվին, որոնք ծանր ազդեցություն են ունենում խաղաղ բնակչության վրա, ներառյալ ամենախոցելիների: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դիմակայի այնպիսի իրավիճակներ ստեղծելու փորձերին, երբ միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը, ագրեսիայի գործողությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները նորմալ են համարվում։ Քանի որ այսօրվա քննարկման թեման «Առաջնորդություն հանուն խաղաղության» է, ես ուզում եմ կիսել իմ համոզմունքը, որ խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն: Ես և իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի բացել տարածաշրջանի տնտեսական ներուժը և ամրապնդել տնտեսական և մշակութային կապերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության ձեռքբերմանը՝ ի շահ բոլոր ժողովուրդների։ Մենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը՝ մեր սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ և միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է: Շնորհակալություն ուշադրության համար»: