Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը

26/9/2024 19:48

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետու­թյան և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժո­ղովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հա­մատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավո­րությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի մամուլի հաղորդագրությունից: Ըստ այդմ՝ ՍԴ-ն որոշել է. «…Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդ­ված­նե­րով՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 1. 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապա­տաս­խանում են Սահմանադրությանը: 2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։ Հիշեցնենք՝ ըստ երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների` ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության, հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին և Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերը: