Գևորգ արքեպիսկոպոսը ստանձնել է Հայաստանի և այլ երկրների կաթողիկե հայոց առաջնորդությունը
26/9/2024 22:44
Գյումրիի Հայ Կաթողիկե աթոռանիստ «Սրբոց Նահատակաց» եկեղեցում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանի գահակալության կարգը, որով նա ստանձնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդությունը:
Գահակալության կարգը կատարվեց ձեռամբ` Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի` Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Հայրապետի։ Գահակալության ընթացքում ընթերցվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի կոնդակը, որով Ֆրանցիսկոս Պապը Զմմառի Պատրիարքական Կղերի անդամ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ, ով մինչ օրս վարում էր Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Պատրիարքական Փոխանորդի և Զմմառի Վանքի Մեծավորի պաշտոնը, նրան տալով Սեբաստիայի Հայերի Արքեպիսկոպոսական Աթոռը՝ Արքեպիսկոպոսի տիտղոսով: Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը ծնվել է 16 նոյեմբեր, 1968թ.Հալեպում։
Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը հաջորդում է 2021թ. սեպտեմբերին ընտրված Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին, ով Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդի պաշտոնը վարել է 2011-2021թթ., իսկ 2022թ. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը թափուր աթոռի` որպես Առաքելական Կառավարիչ նշանակել էր Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեին։