Մեծ է ռիսկը, որ նոր պայթյունի կլինի

30/9/2024 12:27

Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա,- պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է գրում. «Գլոբալ առումով դրանք Իրանի հետ առնչվող և, մեծ առումով, Իրանի դեմ գործողություններ են, որոնք բոլոր առումներով իրենց ազդեցություն են թողնելու Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վրա: Պատահական չէ, որ Իսրայելի` միանգամից մի քանի երկրների տարածքում իրականացվող ռազմական օպերացիաների ֆոնին, Ադրբեջանը Իսրայելի հետ ռազմատեխնիկական նոր գործարք է կնքում, իսկ ադրբեջանական քարոզչական մեքենան նոր ակտիվություն է հաղորդում հակաիրանյան քաղաքականությանը: Ադրբեջանի տարածքը, Իրանի դեմ իսրայելական տարբեր բնույթի և մասշտաբի օպերացիաների հարթակ է, որտեղից տարբեր շրջափուլերում հետախուզությունից մինչև կոնկրետ գործողությունների նախապատրաստման պրոցեսներ են գեներացվել և այն առավել վտանգավոր բնույթ կստանա Իրան-Իսրայել հարաբերությունների ուղիղ առճակատման պայմաններում: Իսկ ներկայումս իրադրությունն առանց չափազանցության պայթյունավտանգ է: Մեր ռեգիոնում պրոցեսները կտրուկ արագացել են և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյունի կլինի: Իսկ թե դա ուղիղ առումով ինչպես կարտացոլվի Հայաստանի վրա կամ ով, ինչպես մեզ կներքաշի դրանում, կապված է մեծ թվով գործոններից»,- գրել է Աբրահամյանը։