«Գոյ». Լռությունը դավաճանության նման մի բան է
11/11/2024 15:02
«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմն արդեն 5-րդ օրն է նստացույց է անում թատրոնի մուտքի մոտ։ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը» - նշված է նրանց պահանջում:
«Այսօր ժամը 14։00-ին գնալու ենք Երևանի Կենտրոնի քննչական բաժին, թե ինչի համար, ինչ նպատակով, կասենք ավելի ուշ»,- հայտնել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Իսկ «Գոյ» թատրոնի դերասան Գուրգեն Սարգսյանն առաջարկում է մյուս թատրոնների դերասաններին իրենց կարծիքն հայտնել թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Պետք է խոսել, կարծիք հայտնել։ Կարող եք գրել ձեր կարծիքը «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ասեք՝ լավ են անում, որ ձեզ հետ այդպես են վարվում, կամ՝ լավ չեն անում, որ ձեզ հետ այդպես են վարվում։ Ոչ մեկից չենք նեղանա, բայց կարծիքներ պետք են։ Իմ վարպետ Արմեն Մազմանյանն էր ասում՝ լռությունը դավաճանության նման մի բան է»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։