ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովին

12/11/2024 17:19

Նոյեմբերի 4-7-ը Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին շուրջ 160 երկրի ավելի քան հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը կարևորել է միջազգային մակարդակով անվտանգությանն ուղղված ջանքերը, նշել, որ Միացյալ Թագավորությունն ակտիվորեն մասնակցում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային իրավապահ համագործակցության խթանմանը: Ելույթ են ունեցել Կազմակերպության նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Քննարկվող թեմաներն ընդգրկում էին միջազգային հանցավորության դեմ պայքարում կենսաչափական տվյալների հնարավորությունների, արհեստական բանականության օգտագործման հարցեր: Ինտերպոլի պատասխանատուները ներկայացրել են Ֆայլերի վերահսկման հանձնաժողովի աշխատանքը, 2023 թ. ֆինանսական տարվա հաշվետվությունը, 2025-2027 թթ. գործունեության պլանը և Կազմակերպության հիմնարար փաստաթղթերում առաջարկվող փոփոխությունները: Վեհաժողովի ընթացքում Ինտերպոլի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Վալդեսի Ուրքուիզան։ Վեհաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև Ինտերպոլի Գործադիր կոմիտեի ընտրություններ, ընտրվել է 9 նոր անդամ: Վեհաժողովի շրջանակում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Կազմակերպության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների, անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: