Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց

12/11/2024 22:01

Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում ընթանում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Դատարանը փոխեց Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ «Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Դրական եմ համարում դատարանի որոշումը։ Հուսադրող է, որովհետև գործը, որպես այդպիսին, շինծու է»,- ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել էր։ Վարդանյանը մեղադրվում էր հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու համար, ինչը, ըստ իր փաստաբանի, չունի փաստական որևէ փաստական ապացույց: Սեպտեմբերի 13-ին նրա կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով և վերացվել ազգականներին տեսակցելու արգելքը: Հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի էր ունեցել նրա խափանման միջոցի քննությունը: Կալանքը փոխարինվել է տնային կալանքով, սահմանվել՝ 2 մլն դրամ գրավ: