Ադրբեջանի պահանջների շրջանակը կրճատվել է

13/11/2024 09:44

Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները,- X-ում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճռին։ «Արդարադատության միջազգային դատարանը իրավասու չէ քննարկելու Ադրբեջանի հայցերը ԼՂ առաջին պատերազմի վերաբերյալ մինչև 1996 թվականը։ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է»,- գրել է Կիրակոսյանը։ Հիշեցնենք՝ երեկ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում: 3 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Անցած տարի ապրիլին Ադրբեջանը ներկայացրել էր իր նախնական առարկությունները։