Մենք Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում

13/11/2024 19:46

Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ԼՂ-ի մասին,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Ադրբեջանի սահմանադրությանը, Փաշինյանն ասել է. «Ադրբեջանի սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թ.-ի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին: Այն իր հերթին հղում է անում 1918 թ.-ի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան ու Հարավային Անդրկովկասը: 1919 թ.-ի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի, Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները` մասամբ: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք՝ Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60%-ը»,- ասել էՓաշինյանը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ տարածքների նկատմամբ: «Այսպիսով, այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունը, սակայն, Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով։ Նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել։ Ի՞նչ է բխում սրանից, որը ես ուզում եմ հաջորդ կետով ձևակերպել։