Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում

14/11/2024 21:11

Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հասարակության մեջ յուրաքանչյուր մասնագիտություն, աշխատանք իր նշանակությունն ունի և երբ առաջին խրամատում կանգնած զինվորին, սպային ժողովուրդը փառաբանում է, սրբագործում է` ինչպես Փաշինյանն է պնդում, դա որևէ ձևով չի նսեմացնում գործարարի, բժշկի, ֆինանսիստի, վարորդի աշխատանքը կամ նվիրվածությունն իր գործին ու երկրին: Ի հեճուկս փաշինյանական կոչին` չսրբացնել բանակը կամ զինվորին, մեր հասարակությունն այլընտրանք էլ չունի: Այն ծառայությունը, որը բանակն ու նրա անբաժանելի մասնիկը կազմող զինծառայողներն են արել արցախյան շարժումից, 2 հայկական հանրապետությունների անկախությունից ի վեր, ոչ միայն արժանի է ամենաբարձր հարգանքին, այլ ստիպում է բոլորիս բանակին առնչվելու որպես մեր պետականության գլխավոր հիմնասյան: Անկախ իշխանության կամքից, ցանկություններից, հանրային վտանգավորություն ներկայացնող արարքներից ու հայտարարություններից, հենց այս պահին էլ բանակի անձնակազմի հիմնական մասը խրամատում է, շաբաթներով, իսկ հաճախ` ամիսներով տնից, ընտանիքից հեռու: Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը: Հետո էլ թե` ռազմական բյուջե ենք ավելացնում: Ի՞նչ նպատակի պետք է ծառայի բանակին ուղղված փողը, եթե իշխանությունը բանակի գլխին իջեցնում է անբովանդակ, ապազգային, հակաբանակային, ապագաղափարական ազդանշաններ»,- գրել է նա։