Ժամանակ կա գործելու, քանի դեռ COP29-ն ընթացքի մեջ է

18/11/2024 12:37

Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ և Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտում է միջազգային հանրության խուլ լռությունը և կոչ անում ազատ արձակել իր հորը և 22 մյուս պատանդներին, որոնք բանտարկված են միայն մեկ՝ հայ լինելու պատճառով: Այս մասին Բաքվում ապօրինի պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հոդված է հրապարակել Le Journal du Dimanche պարբերականում: «Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում անցկացվում է ամենակարևոր և խորհրդանշական միջազգային համաժողովներից մեկը՝ COP29-ը: Փաստորեն, սշխարհի տարբեր երկրների ղեկավարները մեկ հարկի տակ են հավաքվել մի վայրում, որը գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ պահվում և խոշտանգումների են ենթարկվում հայ պատանդները: Նրանց շարքերում է հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի առաջ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից այն պահին, երբ հեռանում էր Լեռնային Ղարաբաղից 120.000 այլ հայերի հետ միասին, որոնք ստիպված էին բռնել գաղթի ճամփան իրենց նախնիների հողից: Հայրս այժմ գտնվում է կալանքի տակ 22 այլ պատանդների հետ միասին՝ միայն այն պատճառով, որ հայ է: Ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում խոսել արդարության, մարդու իրավունքների, համաշխարհային համագործակցության և բնապահպանության մասին՝ գտնվելով խոշտանգումների ենթարկվող հայերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Այս ճակատագրական պահին, երբ Ադրբեջանը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, ես կոչ եմ անում ՄԱԿ-ի ղեկավարությանը թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մահանան հավաքական անտարբերության մեջ։ Հայրս իր ամբողջ կյանքը նվիրել է ուրիշներին օգնելու գործին: Նա իր ընկերների և գործընկերների հետ միասին նախաձեռնել և իրականացրել է ավելի քան 700 մարդասիրական ծրագիր, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Նա միշտ օգնել է ուրիշներին այնպիսի ծրագրերի շրջանակներում, որոնք ամենուր փորձում են դարձնել աշխարհն ավելի արդար և խաղաղ: Այսօր հենց նա ունի օգնության կարիք։ Ահա թե ինչու եմ ես իմ ձայնը բարձրացնում նրա փոխարեն, քանի որ նա զրկված է այդ հնարավորությունից: Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը շրջել, զբաղվել «այլ առաջնահերթություններով» և թույլ տալ, որ Ադրբեջանը օգտվի այս անպատժելիությունից՝ գործելու և, ինչն ավելի վատ է՝ իր երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու համար COP29-ն օգտագործելու նպատակով: Դեռ ժամանակ կա գործելու: Յուրաքանչյուր օր, որը հայերն անցկացնում են բանտում, խարան է մեր հավաքական խղճի վրա: Ամեն րոպե, երբ մենք լռություն ենք պահպանում, ժամանակ ենք տալիս նրանց, ովքեր օգտվում են դրանից՝ կյանքեր, մշակույթներ և ամբողջական ինքնություններ բնաջնջելու համար: Ժամանակն է՝ խախտելու այս խուլ լռությունը։ Ես ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ. մասնակցել Բաքվում անցկացվող այս COP-ին՝ առանց մարդու իրավունքների խնդրին անդրադառնալու, նշանակում է՝ դառնալ Բաքվի կողմից քաղաքական նպատակներով այն որպես գործիք օգտագործելու մեղսակիցը: Օգտագործելով COP-ը՝ Բաքուն շարունակում է վարկաբեկել այն, ինչը պետք է հարթակ հանդիսանար մարդկության ընդհանուր մարտահրավերների շուրջ միջազգային համագործակցության իրականացման համար: Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, դեռ ժամանակ կա գործելու: Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց: Մյուսները կարող են ճնշում գործադրել առաջնորդների վրա՝ Ադրբեջանից երաշխիքներ պահանջելով, մերժելով այդ երկրի անպատժելիությունը, ինչը վտանգի տակ է դնում մի շարք ազգերի և վերջապես, պահանջելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին: Ո՞վ կարող է վաղը կանգնեցնել Ադրբեջանին, երբ COP-ն արդեն ավարտված լինի»,- գրել է Դավիթ Վարդանյանը: