ՆԳ նախարարը ազատման դիմում է գրել

18/11/2024 13:15

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել. լուրը լրատվամիջոցներին հաստատել է Ղազարյանի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ավելի ուշ Վահե Ղազարյանը գրել է. «Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքբերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են: Այս մասին գրել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։ Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։ Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»: