Բանակայինների ԱԱ-ին առաջատար հայ ըմբիշները չեն մասնակցելու

18/11/2024 23:06

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը անցկացվելիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը Հայաստանը չի մասնակցի ուժեղագույն կազմով։ Այս խնդրին սոցիալական ցանցերում արած գրառմամբ անդրադարձել են աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Մանվել Խնձրցյանը, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Թադեւոսյանը եւ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կնյազ Իբոյանը։ «Հարգելի հայրենակիցներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ. խոսում ենք ոչ միայն որպես հայ, այլ նաեւ զինվորներ եւ մարզիկներ, որոնց համար սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլեւ մեր երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում ներկայացնելու միջոց: Նոյեմբերի 20-24-ը Երեւանում անցկացվելու է բանակայինների աշխարհի առաջնությունը: Ցավոք, մեր թիմը չի մասնակցի ուժեղագույն կազմով: Այս որոշման պատճառները մեզ համար նույնպես անորոշ են, քանի որ որեւէ հստակ մեկնաբանություն եւ բացատրություն չի տրվել: Նման իրավիճակները բացասաբար են ազդում ոչ միայն մեր թիմի վրա, այլեւ բանակի, սպորտի եւ մեր երկրի ընդհանուր հեղինակությանը: Ավելին՝ դրանք կասկածի տակ են դնում մեր պատրաստակամությունը՝ աջակցելու եւ բարձրացնելու հայրենիքի հանդեպ հավատը բոլոր հարթություններում: Այս պահին չենք կարող պատասխանել լրացուցիչ հարցերին, քանի որ չունենք լրացուցիչ տեղեկություններ»,- գրել է Վազգեն Թեւանյանը: «Ցանկացած իրավիճակում երկրի շահերը գերադասելի են՝ սա թիմի անունից ասում եմ որպես հայ զինվոր եւ մարզիկ: Նոյեմբերի 20-24-ը Երեւանում անցկացվելու է բանակայինների աշխարհի առաջնությունը, որին չեն մասնակցելու թիմի լավագույն արդյունքները գրանցած եւ իրենց քաշային կարգերում առաջատար մարզիկները: Խնդրի որոշման պատճառները անհայտ են, չի տրվել որեւէ հստակ բացատրություն: Նման վերաբերմունքը բացասաբար ազդեցություն ունի ոչ միայն թիմի, այլեւ բանակի, սպորտի եւ ամբողջ երկրի վարկանիշի վրա: Հարգելի լրագրողներ, ցավոք այս պահին չենք կարող պատասխանել ձեր հարցերին, քանի որ մեզ եւս չեն տրամադրել որեւէ հստակ բացատրություն կամ տեղեկություններ այս իրավիճակի վերաբերյալ»,- գրել է Արման Անդրեասյանը: «Մենք նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հետո Հայաստանի ըմբշամարտի թիմի անդամ եւ այս տարվա օգոստոսի 19-ից նաեւ ԶՈՒ-ի անդամ: Մեր ամբողջական թիմը համալրված պատրաստ է եղել երկրի պատիվը բարձր պահել: Ցավոք, դեռեւս անհայտ պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմը չի մասնակցելու մոտ օրերս Երեւանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը: Նման անհարգալից մոտեցումը ազդում է եւ բանակի, եւ սպորտի, եւ առհասարակ հայի հեղինակության վրա»,- գրել է Մանվել Խնձրցյանը: «Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը մեր թիմը պատրաստվում է ներկայանալ ոչ լիարժեք կազմով, որի պատճառը չգիտենք ոչ մեկս: Մեր թիմը պատրաստ է եղել երկրի պատիվը բարձր պահել ու պատրաստ է, բայց այդ հարցում մեզ աջակցության փոխարեն անորոշություն են մատուցում»,- գրել է Կնյազ Իբոյանը: «Սիրելի հայ ազգ, մենք որպես ՀՀ քաղաքացի եւ որպես մարզիկ Հայաստանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը ինչ-ինչ պատճառներով չենք մասնակցելու: Մեր թիմը պատրաստվում է ներկայանալ ոչ ամբողջական եւ հիմնական կազմով, ինչի պատճառները մեզ անհայտ են մնում եւ առանց բացատրությունների: Օգոստոսի 19-ից Զինված Ուժերի ԲԿՄԱ-ի մաս կազմող մարզիկներս պատրաստ ենք եղել հայերնիքի պատիվը միշտ բարձր պահել միջազգային ասպարեզոմ եւ օրեր անց մեր իսկ հայրենիքում»,- գրել է Գեւորգ Թադեւոսյանը: Բոլոր ըմբիշներն իրենց գրառումներում նշել են, որ այս պահին չեն կարող պատասխաներ լրագրողների հարցերին, քանի որ չունեն հավելյան տեղեկություններ այս իրավիճակի պատճառների մասին: Աշխարհի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: