Վրաստանում ցրել են Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների վրանային ճամբարը

19/11/2024 10:16

Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները Թբիլիսիում ցրել են ցուցարարներին, որոնք նախօրեին վրաններով փակել էին երթևեկությունը պետական համալսարանի շենքի մոտ գտնվող պողոտայի երկայնքով։ Այս մասին հաղորդում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաալիքը։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, և մի քանի մարդ ձերբակալվել է: Հատուկջոկատայինները ապամոնտաժել են շենքի մոտ տեղադրված բարիկադները և համակարգել ցուցարարների կողմից ճանապարհները փակելու համար օգտագործվող մեքենաների տարհանումը: Այսպիսով, իրավապահներն ամբողջությամբ մաքրել են Ճավճավաձեի պողոտան, ընդդիմության առաջնորդները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։ Նոյեմբերի 18-ի գիշերը Նիկա Գվարամիայի գլխավորած ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի ակտիվիստները մոտ 30 վրան են տեղադրել պետական համալսարանի շենքի մոտ։ Նրանք հայտարարել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու համար պայքարի նոր փուլի անցնելու մասին: