Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

20/11/2024 18:48

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում անհամաձայնություն է արտահայտվել այն փաստի հետ, որ Ֆրանսիան թիրախավորել է Ադրբեջանի նախագահությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի 29-րդ համաժողովում։ Բացի այդ, դեսպանին ասվել է, որ Ֆրանսիայի՝ ՀՀ-ին զենք մատակարարելը, «միլիտարիզմ և ռևանշիզմ քարոզելը», խաթարում են խաղաղության հաստատման գործընթացը։ «Ֆրանսիայից խստորեն պահանջվում է վերջ դնել Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններին, որոնք վտանգում են հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան նոյեմբերի 19-ին կանչվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն. պատճառն ադրբեջանական իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների դեմ անընդունելի հայտարարություններն են: Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, որպես այս ամենի հետևանք` Ֆրանսիայի էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման հարցերով նախարար Անյես Պանիեր Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը Բաքվում ՄԱԿ-ի COP29 համաժողովին: «Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասվում է հաղորդագրությունում: