Լարված իրավիճակ և ինքնահրկիզման փորձ մսի շուկայում
13/12/2024 12:29
Վաղ առավոտից ոստիկանները, ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են «Գումի» շուկայի հարակից տարածքում գործող մսավաճառներին՝ վերահսկողություն իրականացնելու իրացվող մսի նկատմամբ։
Մսավաճառներից մեկը, որը համաձայն չէր, որ իր մթերքը առգրավեն, ինքնահրկիզման փորձ է արել, նրա ինքնազգացողությունը վատացել է:
ՍԱՏՄ ներկայացուցիչը նշել է՝ ՀՀ տարածքում վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, զգուշացրել են քաղաքացիներին, ցավում են՝ չեն պահպանել կանոնները։
Իրավիճակը այնքան լարված էր, որ եկել էին նաև կարմիր բերետավորները:
«Տղամարդը ցուլիկ է մորթել, որ բերի վաճառի, եկան վերցրին տարան, չորս անչափահաս երեխա ունի, դա էլ վարկերով վերցրած գումար է»,- լրագրողների հետ զրույցում ասել է մսավաճառներից մեկը:
«Միսը տարել են, որ վառեն, հիմա մենք բանկերին ի՞նչ պատասխան տանք: Մեր մարզում՝ Արարատի մարզ, քաղաք Վեդի, սպանդանոց չկա, հարմարություն չկա, որ գյուղացին տանի, մորթի, բերի այստեղ վաճառի, հիմա ի՞նչ անենք, թողնենք գնա՞նք այս երկրից:
Ամենամոտ սպանդանոցը 100 կիլոմետր հեռու է: Անասնաբույժը եկել գոմում ստուգել է, ոչ մի վտանգ չի եղել, հիվանդ չի եղել: 150-160 կգ-ի չափ միս էր։ Եկան, պլոմբեցին, բռնի ուժով դրեցին մեքենան, տարան: Ում հարցնում ենք, ասում է՝ այս հարցը մեր ֆունկցիաների մեջ չի մտնում, բա ու՞մ դիմենք»,- ասել է մսավաճառը:
ՆԳՆ-ից հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։
Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար։