ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կա

13/12/2024 13:24

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորություններն ունի։ Լուիս Մորենո Օկամպոն նման կարծիք է հայտնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ին տված հարցազրույցի ընթացքում։ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ։ Դա չի կարող անտեսվել։ Պետք է շարունակել պայքարել։ Դուք պետք է շարունակեք պայքարել: Պարտվում եք այն ​​օրը, երբ դադարեցնում եք պայքարը: Հարկավոր է օգնել նրանց պայքարին՝ իրենց վերադարձի իրավունքի համար»,- ընդգծել է Օկամպոն՝ հավելելով, որ Ադրբեջանը ճանաչում է, որ հայերը Լեռնային Ղարաբաղում գտնվելու իրավունք ունեն, հետևաբար անհրաժեշտ է պայքարել ԼՂ-ի հայերի իրավունքների համար: Անդրադառնալով հարցին, թե 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարելի՞ է արդյոք որակել որպես ցեղասպանություն՝ Լուիս Մորենո Օկամպոն դրական պատասխան է տվել՝ նկատելով, որ ցեղասպանությունը պարզապես զանգվածային սպանությունները չեն, ինչպես, օրինակ, տեղի է ունեցել 1915 թվականին: «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները պարունակում են ցեղասպանության բոլոր մեթոդներն ու ձևերը՝ պայմաններ ստեղծելով մարդկանց խմբին ոչնչացնելու համար․ դա Լաչինի միջանցքի շրջափակումն էր, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության փախուստի դիմելը, ինչպես նաև հայերին հասցված լուրջ հոգեկան վնասները, վախը և այլն։ Այս բոլորը ցեղասպանության հատկանիշներ են։ Եվ դա նույնպես ցեղասպանություն է»,- ասել է զրուցակիցը՝ շեշտելով, որ բոլոր այս դեպքերում մարդիկ պետք է պաշտպանված լինեն, և նրանց իրավունքները պետք է վերականգնվեն: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Լուիս Մորենո Օկամպոն նկատել է, որ հայերն առաջին հերթին պայքարում են արդարության և հիշողության համար։ «Հայաստանը ցույց է տալիս, որ հիշողության համար պայքարելը կարևոր է»,- ընդգծել է նա: Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Թուրքիան երբևէ ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նա շեշտել է․ «Մենք չգիտենք դա, բայց մենք պետք է ներգրավենք Թուրքիային և բացատրենք: Երիտասարդ սերունդը տարբեր է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ներգրավել նրանց և քննարկել այդ հարցը»: Լուիս Մորենո Օկամպոյի բնորոշմամբ՝ հիմա ամենակարևորն այն է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, և, մասնավորապես այն, ինչ տեղի է ունենում Բաքվի բանտում գտնվող 23 հայերի հետ։ «Նրանք պատանդներ են, իսկ նրանց պատանդ պահելու ուղերձն այն է, որ, եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ապա հարձակման կենթարկվեք։ Մենք պետք է ինչ-որ բան անենք նրանց համար»,- ընդգծել է Լուիս Մորենո Օկամպոն։