Հիվանդանոցում մահացած երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից

13/12/2024 14:52

13-ամյա աղջիկ երեխայի առողջական վիճակը հիվանդանոց ընդունման պահին գնահատվել է միջին ծանրության, երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով,- NEWS.am–ի հետ զրույցում այս մասին հայտնել են Վանաձոր ԲԿ–ից։ «Երեխան անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները։ Ելնելով վիճակից՝ ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ ՝ախշտորոշման հստակեցման և բուժական պրակտիկայի վարման հետ կապված։ Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին նկատվել է բարելավում։ Առավոտյան ժամը 06։26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել են բաժանմունքի վարիչը և մանկական ռեանիմատոլոգը, առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները։ Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- ասել են բժշկական կենտրոնից։