Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները միայն դիվանագիտական խնդիր չէ

14/12/2024 12:22

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները միայն քաղաքական ու դիվանագիտական խնդիր չէ, այն նաև ազգային պետության գոյության ու ինքնության հարցն է: Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ». Սպառնալիք, թե հնարավորություն» գիտաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում էական ազդեցություն ունեցող հարցերին, փորձել իրապես գնահատել իրավիճակը: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ Արցախի օկուպացիայով Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև մեկնարկեցին ողջ տարածաշրջանը ապակայունացնելու, հակամարտություններն ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ, Արցախն այս շղթայի առաջին օղակն էր: Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիության մթնոլորտում է գործում ողջ տարածաշրջանում, դրա վկայությունը վերջին իրադարձություններն էին»,- ասաց նա: Սաղաթելյանի խոսքով Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն: «Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է, դենացիոնալիզացիան: Պատերազմի արդյունքներն անդրադարձան նաև տասնամյակներ տևած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող բանակցային գործընթացի և տարածաշրջանում նրանց դերակատարության վրա։ Բավական արագ, առաջին հերթին Հայաստանի գործող իշխանությունների համաձայնությամբ և թույլտվությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ըստ էության փոխարինեց Թուրքիան։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջև։ Եվ հենց այս համատեքստում մենք արձանագրում ենք իրողություններ, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու, որ այդ բանակցություններին մեր նկատմամբ գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր։ Հենց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում որպես ագրեսոր, իսկ ցեղասպանը որպես խաղարար։ Այս շղթայի մաս են կազմում Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունները և հարձակումները հայկական բանակի վրա։ Այս երևույթի դրսևորումներն են պետական խորհրդանիշերի, զինանշանի և օրհներգի դեմ հարձակումները, դրանք փոփոխելու՝ առաջին հայացքից անտրամաբանական ցանկությունները, բայց խորքում հայկականության դեմ պայքարն է։ Այս գործընթացի դրսևորումն է նաև իշխանության կողմից դաշտ նետվող իրական, թե պատմական Հայաստան, Արագած, թե Արարատ արհեստական քննարկումները։ Սա ոչ թե խաղաղության հասնելու բանաձև է, այլ ինքնաոչնչացման ուղի։ Մենք մերժում ենք այս ճանապարհը։ Դաշնակցությանը հաճախ մեղադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու մեջ։ Իրականում մենք երբեք հանդես չենք եկել նման դիրքորոշումներով։ Մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որևէ պայմանավորվածության դեպքում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել ուրացման և մեր ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պետք է ընդունի նաև հենց ինքը Թուրքիան: Պարզ ընտրություն է՝ դառնալ ազգային պետություն, որոշել սեփական ճակատագիրը, թե անվտանգություն մուրալ թշնամիներից»,- ասաց Սաղաթելյանը։