Ասադը չի դիտարկել երկրից փախչելու հնարավորությունը

16/12/2024 18:41

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսում է մնացել ընդհուպ մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտը, երբ զինված ընդդիմությունը մտել է մայրաքաղաք: Նա երկիրը լքել է միայն նույն օրվա երեկոյան: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի նախկին ղեկավարը։ Ասադը նաև պնդել է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մեկ անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։ ՌԻԱ Նովոստին հավելում է, որ հրապարակված հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ասադը հրաժարական տալու մտադրություն չի ունեցել և չի մտածել զինված ընդդիմության հարձակման օրերին ապաստան խնդրելու մասին: Խոսելով Սիրիայում ծավալված իրադարձությունների մասին՝ նա հայտարարել է, որ Դամասկոսից նախ գնացել է Հմեյմիմ, որտեղ էլ իմացել է մայրաքաղաքի անկման մասին։ Հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկիչների կողմից իշխանության զավթումից հետո նախագահի՝ երկրում մնալն անիմաստ էր։ Ասադի խոսքով՝ ՌԴ իր տարհանմանը նախորդել է բանակի փլուզումը և պետական ​​կառույցների կաթվածահար վիճակը։ Ասադը, իր հայտարարության համաձայն, չի հրաժարվել բանակից ու ժողովրդից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը լքել է պաշտոնը և երկիրը։