ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը

16/12/2024 20:34

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սիրիայում ու նրա շուրջ զարգացումներին և ողջունում է Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը՝ Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում: «Մենք հաստատակամորեն աջակցում ենք իր պատմության այս վճռական պահին բարեկամ սիրիացի ժողովրդի՝ ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ուղին են»,- ասված է ԱԳՆ X-ի էջում։ Հորդանանի Աքաբա քաղաքում տեղի է ունեցել Սիրիայի հարցով արաբական երկրների համատեղ կոնտակտային խմբի հանդիպումը, որին մասնակցել են Բահրեյնի Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կատարի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի նախարարներն ու ներկայացուցիչները, Սիրիայի հարցով Եվրամիության և ՄԱԿ-ի հատուկ բանագնացը: Հանդիպման մասնակիցները կարևորել են հենց սիրիացիների կողմից իշխանության անցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և ներառական ու ներկայացուցչական կառավարության ձևավորումը: ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է տարածաշրջանային գործընկերների հետ համաձայնագիր կնքելու մասին՝ Սիրիայի ժողովրդին օգնելու կառուցել «ներառական, ոչ կրոնական, խաղաղ և ինքնիշխան պետություն, որին նա ձգտում է»: