Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ

17/12/2024 22:33

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ: Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները: Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: