ՌԴ ԱԳՆ-ն հայկական իշխանություններից պարզաբանումներ է պահանջել

18/12/2024 13:10

ՌԴ-ն Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը համարում է Երեւանի ոչ բարեկամական քայլ,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այս մասին հայտարարել: «Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ։ Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,- ընդգծել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել հայկական իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Նա նաեւ հիշեցրել է, որ ռուսական կողմը քանիցս Երեւանին կոչ է արել հրաժարվել երկիր ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու «արատավոր գործելակերպից», որոնք ինչ-որ պատճառներով անհարմար են դարձել իշխանություններին։ «Սա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների մշտական հայտարարությունների ֆոնին՝ իրենց բացության, դեմոկրատականության եւ բազմակարծությանն իրենց հավատարմության մասին»,- ավելացրել է Զախարովան։ Նա նշել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել բարձրացնել այս հարցը Երեւանի առջեւ։