Զախարովան մեկնաբանել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարությունները
18/12/2024 14:11
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում նման հայտարարություններին,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է մեկնաբանել Բաքվի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին ՌԴ ԱԳՆ-ի վերաբերմունքի առնչությամբ հարցը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և ամրագրված է, մասնավորապես, եռակողմ պայմանավորվածությունների հումանիտար բլոկում:
«Մեր դիրքորոշումը հանդիսանում է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը՝ դա հումանիտար բլոկի քննարկումն է: Այն ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների ապահովումը, մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը: Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Մոսկվան իր կողմից պատրաստ է աջակցություն ցուցաբերել: