Կան կարմիր գծեր, որոնց հատումն անհնարին է
18/12/2024 14:59
«Մենք քանի անգամ ենք կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնարին է: Ես անգամ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել դա: Նման բան ուղղակի չի լինելու: Եթե շարունակաբար դրա մասին խոսվում է, մենք էլ շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանը ցանկանում է եւ պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»,- այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է ասել՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվից հնչող հայտարարություններին:
Նրա խոսքով, սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունեն Ադրբեջանի հետ. «Բայց ես կարծում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետեւ կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո մենք պետք է հանդիպենք եւ շրունակենք աշխատանքները:
Համատեղ հաստատված կանոնակարգով կա պայմանավորվածություն, եւ մամլո հաղորդագրություններից դուրս որեւէ մեկնաբանություն չենք տալիս»: