Ավստրալացի պատգամավորները դիմել են Ադրբեջանին
19/12/2024 13:19
Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը դիմել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին:
Իր նամակում Սուկկարը դեսպանությանը տեղեկացրել է Սահակյանի համար որպես հովանավոր հանդես գալու մտադրության մասին և հորդորել ամենամսյա թարմացումներ տրամադրել Արցախի նախկին նախագահի ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ:
«Պարոն Սահակյանին հովանավորելու իմ որոշումը պայմանավորված է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես՝ Ջարեդ Գենսերի զեկույցներով: Վերջինս ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին հայտնել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերի մասին», - Ջաֆարովին ուղղված նամակում գրել է Սուկկարը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանը համայնքի խորին երախտագիտությունն է հայտնել պատգամավոր Մայքլ Սուկկարը Բակո Սահակյանի համար քաղաքական հովանավոր լինելու իր հանձնառության համար՝ ընդգծելով արդարության համար պայքարում նման քարոզչության կարևորությունը:
Մինչդեռ խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Փոլ Ֆլեթչերը նույն պահանջով հանդես է եկել օկուպացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի վերաբերյալ:
Նա ևս նամակ է գրել Ադրբեջանի դեսպանատանը՝ կոչ անելով անհամապաղ ազատ արձակել Իշխանյանին:
Վագիֆ Ջաֆարովին ուղղված նամակում Ֆլեթչերը կոչ է արել կանոնավոր կերպով տեղեկացնել Իշխանյանի հոգեկան և ֆիզիակական առողջական վիճակի վերաբերյալ:
«Հաճույք եմ ստացել 2019 թվականին մեր Դաշնային խորհրդարանում անձամբ հանդիպել պարոն Իշխանյանի հետ իմ տասնյակ խորհրդարանական գործընկերների հետ, և այդ պատճառով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից նրա ձերբակալության և կալանավորման պայմաններն առանձնապես մտահոգիչ են ինձ համար... Աշխարհը հետևում է Ադրբեջանին. Ավստրալիան հետևում է Ադրբեջանին», - գրել է խորհրդարանականը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆլեթչերին բոլոր հայ պատանդների ազատ արձակմանն ուղղված իր նամակի և հանձնառության համար:
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: