Հայաստանը կարևոր ջրբաժանում է
22/12/2024 20:13
Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը։
Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․
«2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը։
Հայաստանի կառավարության արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև խորացել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Ադրբեջանի հետ բանակցություններում խորհրդանշում է վտանգավոր և կրկնվող սխալը։ Խաղաղության մասին նրա հռետորաբանությունը, թեև տեսականորեն գովելի է, տարվա ընթացքում ուղեկցվեց միակողմանի զիջումների շարքով, որը ավելի է ոգևորել Բաքվին և թուլացրել Հայաստանի դիրքերը։ Յուրաքանչյուր նոր զիջում թերևս խորացնում է Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները՝ մեզ ավելի հեռացնելով արդար խաղաղությունից։ Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, հուսախաբ և Փաշինյանի խոստումներից գրեթե ձեռնունայն։
Աշխարհաքաղաքական ասպարեզում Հայաստանի մեկուսացումը միայն խորացել է՝ երկիրը դուրս չբերելով անողոք շրջապտույտից, որից, ներկայիս ղեկավարության ներքո, անհնար է թվում դուրս գալը։ Ավանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, չեն վստահում Փաշինյանի կառավարությանը, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են կասկածանքով վերաբերվել նրա խոսքին։ Նույնիսկ Արևմուտքը, որը թվում է՝ որոշ աջակցություն է ցուցաբերում, դա անում է ոչ թե վստահության պատճառով, այլ «հարմարավետ ամուսնության» արդյունքում, քանի որ նպատակներին հասնելու ավելի լավ այլընտրանքներ չունի։
Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, որին գումարվել են ռազմավարության բացակայությունն ու իռացիոնալ հաջորդական որոշումները, ավելի է բարդացրել Հայաստանի կացությունը։ Նոր դաշինքներ ստեղծելու ուղղությամբ լուրջ ջանքեր չգործադրելով՝ դիվանագիտական այս իներցիան Հայաստանին թողել է անկառավարելի՝ միջազգային օրըստօրե բարդացող միջավայրում։
Թեև մակրոտնտեսական ցուցանիշները կարող են վկայել տնտեսական դիմակայունության մասին, սակայն դա մեծապես բխում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների չկանխատեսված օգուտներից, որոնք տնտեսական որոշ գործունեություն վերաուղղորդել են դեպի Հայաստան։ Սակայն հայաստանցիների մեծամասնությունը դրա օգուտները չի զգում։ Կյանքի թանկացումը, լճացած աշխատավարձերը, արտաքին պարտքի աճը, օտարերկրյա ներդրումների պակասը, աշխատատեղերի ստեղծման սահմանափակությունը և չափազանց բարձր հարկերը սովորական քաղաքացիների դժվարին վիճակը չեն փոխել, ինչը վկայում է մակրոտնտեսական ցուցանիշների և առօրյա իրականության միջև անջրպետի մասին։
2024-ի թերևս ամենամտահոգիչ միտումը ժողովրդավարական հետընթացն է։
Հայաստանն այժմ սահում է դեպի ավտորիտար կառավարում։ 2018-ին Փաշինյանի օրոք սկսված ժողովրդավարական զորթոնքի հույսի շրջանը վերածվել է մեկ մարդու իշխանության։ Չնայած հանրային վստահության պատմական ցածր մակարդակին՝ Փաշինյանը պահպանում է իշխանությունը խորհրդարանական մեծամասնության միջոցով, որը նրան պաշտպանում է հաշվետվողականությունից։ Իշխանության այս գերկենտրոնացումն արտացոլում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի ավելի խոր բացը՝ ղեկավարներին հաշվետու պահելու կամ կենսունակ ընդդիմություն ձևավորելու անկարողությունը։
Ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները, ինչպիսիք են դատական անկախ համակարգը, ազատ մամուլը և քաղաքացիական ակտիվ հասարակությունը, ավելի են թուլացել Փաշինյանի ներքո։ Սեղմելով այլախոհությունը և կենտրոնացնելով իշխանությունը՝ նրա կառավարությունը անտարբերություն և հիասթափություն է սերմանել ընտրողների շրջանում։ Հայաստանցիներից շատերն այժմ կասկածի տակ են դնում փոփոխության գործիքի՝ ընտրությունների արդյունավետությունը՝ վախենալով, որ ժողովրդավարական ճանապարհով իմաստալից իշխանափոխությունը գնալով անհասանելի է դառնում։
Կոռուպցիան՝ Հայաստանի քաղաքական դաշտի երբեմնի պատուհասը, այս տարի ստացել է ավելի նենգ և ինստիտուցիոնալ բնույթ՝ քայքայելով երկրի ժողովրդավարական հիմքերը։ Իշխող վերնախավի կողմից հարկատուների գումարների չարաշահումը հասել է աննախադեп մակարդակի՝ հանրային միջոցները ուղղորդելով անթափանց սխեմաների միջոցով և անհիմն պարգևավճարներ ու արտոնություններ տրամադրելով հավատարիմներին։ Այս գործողությունները հանրային վստահության համակարգային դավաճանություն են, որոնք խորացնում են անհավասարությունը և հուսահատությունը։ Կոռուպցիայի հարաճուն այս մշակույթը քայքայում է երկրի հիմքերը՝ մարդկանց թողնելով այն ծանր գիտակցության հետ, որ պետությունը դարձել է մասնավոր շահի, այլ ոչ թե հանրային բարօրության գործիք։
Վերջապես, հայ հասարակությունը շարունակում է խորապես պառակտված մնալ։ Բևեռացումն ու անվստահությունը, որոնք սնուցվում են քաղաքական մանիպուլյացիաներով և սոցիալական լարվածությամբ, թշնամանքի բաժանարար մթնոլորտ են ստեղծել։ Հասարակության այս մասնատվածությունը թուլացնում է կոլեկտիվ գործողությունները և Հայաստանի՝ մարտահրավերներին միասնաբար դիմակայելու կարողությունը։
2025-ի սկզբին ուշադրությունն անխուսափելիորեն կսևեռվի 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների վրա, հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով քաղաքական անկայուն միջավայրը։ Մեկ բան հստակ է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լճացման և վատ կառավարման ևս մեկ տարի։ Կառավարության փոփոխության անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել։ Առաջիկա ամիսները երկրի համար պետք է լինեն ինքնաքննադատության և հնարավորի վերաիմաստավորման ժամանակահատված։
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել։ Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին հստակ տեսլական ունեցող ղեկավարություն ձևավորելն է, որը առաջնահերթություն կտա ազգային միասնությանը, իրական բարեփոխումներին և ժողովրդավարական սկզբունքներին նորոգված հավատարմությանը։ Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը»։