Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

23/12/2024 18:22

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և հիմա էլ գիտենք, որ հանրային կառավարման կամ ծառայությունների մատուցման ոլորտում ունենք էական խնդիրներ: Խոսքը Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մասին է: Եվ ի սկզբանե մեր պատկերացումներն եղել են այն, որ թվայնացումն է այն հիմնական գործիքը, որով մենք պետք է այդ ոլորտում մեր ունեցած խնդիրները հաղթահարենք: Եվ նաև վերջին շրջանում, քանի որ շատ ահազանգեր են ստացվում ոչ թե թվայնացման, այլ հանրային կառավարման ոլորտում առկա խնդիրների չլուծվածության մասին, շատ պատեհ է, որ մենք էլի վերադառնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել թվայնացման մեր օրակարգի իրականացմանը: Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր է ընդհանուր պատկերը տեսնել և հասկանալ, թե պլանավորված աշխատանքն այս պահին ինչ փուլում է, թվայնացման օրակարգն ավելի արդյունավետ իրականացնելու համար ինչ ռեսուրսներ կան և ինչ անելիքներ կան: Փոխվարչապետ, Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ թվայնացումն իրականացնում է մի շատ կարևոր գործառույթ, որը բացահայտում է ֆունկցիայի իմաստն ու կարևորությունը և ընդգծել, որ թվայնացվելու է միայն այն գործառույթը, որի կարիքը քաղաքացին ռեալ ունի: Մհեր Գրիգորյանի խոսքով, կան նաև թվային լուծումներ, որոնք թելադրում են ճիշտ գործառույթ և միջազգային փորձում կան լուծումներ, որոնք անհրաժեշտ է ադապտացնել մեր կանոնակարգին: Հաջորդիվ՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը ներկայացրել է հաշվետվություն թվային առաջընթացի վերաբերյալ: Նախ՝ համառոտ տեղեկատվություն է ներկայացվել հաշվետու ժամանակահատվածում խորհրդի գործունեության վերաբերյալ՝ կայացած նիստերի, քննարկված հարցերի, հաստատված որոշումների և հայեցակարգային որոշումների մասով: Մանրամասներ են ներկայացվել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալ դերաբաշխման և համակարգման, թվային ճարտարապետության հիմնարար օրենքների նախագծերի մշակման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի, «Ամպայինն առաջինը» քաղաքականության ընդունման ու կիրառման, հանրային տվյալների կատալոգի, քարտեզագրման և դասակարգման, «Կյանքի 12 իրադարձություններ»-ի թվայնացման վերաբերյալ և այլն: 2025 թվականի անելիքների շարքում ընդգծվել է թվային հիմնարարների հասանելիությունը՝ ենթակառուցվածք կամ ամպային լուծումներով, «Կյանքի 12 իրադարձություններ»-ի ներքո մատուցվող ծառայությունների թվայնացումը՝ ինչպես սահմանված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, ռազմավարական հաղորդակցումն ու իրազեկումը և այլն: Վերոնշյալ հաշվետվության շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ հանրային ծառայությունների թվայնացման ու որակի բարելավման, ծառայությունների մատուցման քաղաքականության, կիբեռանվտանգության հարցերի շուրջ: Վարչապետը հանձնարարել է, առաջնորդվելով թվայնացման ճանապարհային քարտեզով, նշել, թե այս պահին որտեղ է գտնվում թվայնացման գործընթացը և նույն տրամաբանությամբ կազմել 2025 թվականի անելիքները՝ նշելով գործառույթի պատասխանատու գերատեսչությանը: Այս համատեքստում կարևորվել է պարբերական հաշվետվությունների ներկայացումը ճանապարհային քարտեզին համապատասխան աշխատանքների իրականցման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդիվ կքննարկվեն նաև օրենքների նախագծերը և այս համատեքստում՝ կարևորել խորհրդարանական գործընկերների հետ աշխատանքների ինտենսիվացումը: Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը նշել է, որ 2025 թվականին անհրաժեշտ է թվայնացման օրակարգով ավելի ինտենսիվ զբաղվել, քանի որ բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է: