Լինենք տեղեկացված եւ չտրվենք սրանց քարոզչական ստերին

23/12/2024 20:14

Փաշինյանն այսօր հերթական անգամ ստեց, ասում է, թե 1994 թվականից սկսած բանակցութուններ են ընթացել Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն է արձագանքել Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը: «Սա սուտ է, ոչ թե որ ես այդպես եմ ասում, կամ այդպես եմ ենթադրում, այլ փաստերով ապացուցված է, որ բանակցությունները մշտապես ընթացել են կա՛մ Արցախը Հայաստանին միանալու շուրջ, կա՛մ Արցախի անկախացման շուրջ: Սա փաստ է, որը չի կարող հերքել ոչ ոք: Օրինակ, Քիվեսթյան փաստաթղթերով Արցախը միանում էր Հայաստանին, իսկ Մադրիդյան սկզբունքներով՝ Արցախն անկախանում էր հանրաքվեի միջոցով: Այս ամենի մասին գիտի Փաշինյանը, բայց շարունակում է ստել՝ փորձելով ինքն իրեն արդարացնել Արցախի կորստի համար, հազարավոր զոհերի համար: Ինչո՞ւ է նա դա անում, որովհետեւ նա գիտի, որ մեր հայրենակիցների մեծ մասը շարունակում է հավատալ իր ստերին: Լինենք տեղեկացված եւ չտրվենք սրանց քարոզչական ստերին»,-ասել է Լևոն Քոչարյանը: Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ավելի ուշ նա այս թեմայի շուրջ ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել նախկին նախագահներին: