ՀՀ-ն ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու

23/12/2024 20:38

Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն,- «Լուրերին» այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, Հայաստանի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով: Երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում: Նկատենք, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և՝ մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման»,- ասել է Անի Բադալյանը: