Ինքնաթիռը վայրէջքի ժամանակ պայթել է

29/12/2024 13:18

Թաիլանդից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռը, որում եղել է 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ. կործանվել է: 120 մարդու մահը պաշտոնապես հաստատվել է։ Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Դեպքից անմիջապես հետո հրշեջ-փրկարարները սկսել են փրկարարական աշխատանքները։ Սկզբում հաղորդվում էր, որ զոհվել է 28 մարդ, սակայն մի քանի ժամ անց հաստատված զոհերի թիվը հասել է 62-ի, ապա ազգային հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ զոհվել են գրեթե բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։ Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի քաղաքացիներ են, ևս երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։ Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կարող էր կորցնել կառավարումը թռչունների հետ բախվելու պատճառով։