Մոսկվան պետք է փոխհատուցում տա. Ալիև
29/12/2024 15:51
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է մի շարք պատճառներ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուի մերձակայքում կործանման հետ։ Ալիևի խոսքով, վերջնական վարկածը հայտնի կդառնա միայն սև արկղերը բացելուց հետո։
«Սակայն նախնական վարկածները բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա, և փաստերն այն են, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից՝ ՌԴ օդային տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը: Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռն անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն էր»,- ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ նշել է Ալիևը։
Նա նաև հայտնել է, որ ցամաքից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչամասը նույնպես մեծ վնաս է կրել։
Ըստ Ալիևի՝ թռչունների երամի հետ բախման վարկածը օրակարգից ամբողջությամբ հանել է այն փաստը, որ ֆյուզելյաժի վրա անցքեր են հայտնաբերվել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասել են հավատարիմ մնալ այս տարբերակին:
«Առաջին 3 օրը Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի զառանցական վարկածներից: Մեզ զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցներն ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել այդ հարցը, ինչը պատիվ չի բերում որևէ մեկին»,- ասել է նա։
Սակայն Ալիևն ընդգծել է, որ ինքնաթիռը դիտմամբ չի խոցվել, և որ Բաքուն բացահայտ ներկայացրել է իր պահանջները ռուսական կողմին։
«Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, պետք է ընդունի իր մեղքը, մեղավորները պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը, տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի»,- ասել է նա: