Մեր ինքնությունը, արժեհամակարգն ու պետականությունը վտանգված է

30/12/2024 12:31

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Կարծում եմ` որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ առաջիկայում էլ այս իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «պետական սահմանի ամրապնդում», «ինքնիշխանության վերականգնում» կամ «խաղաղության օրակարգի սահմանում»: Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական նահանջի երգը երգելիս դա անելու են առանձնահատուկ հպարտությամբ ու լկտիությամբ: Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական զիջումն անելիս խմբագրելու են երկրի քարտեզն ու խրոխտ հայտարարելու, որ դա իրենց անձնական հաղթանակն է, եթե նույնիսկ այդ քարտեզում միայն Երևանը մնա: Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը սպասարկում է մի շահ, որն ակնհայտորեն հայ ժողովրդինը չէ: Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում (ոմանք դեռևս լուռ), որ փաշինյանական իշխանությունը լիակատար ձախողվել է և Հայաստանի անվտանգությունն ու դիմադրողականությունն ապահովելու մտադրություն չունի: Հայաստանի գոյությունն ու փաշինյանական իշխանությունը հականիշներ են և քանի սրանք կան, մեր ինքնությունը, արժեհամակարգն ու պետականությունը վտանգված է»: