Շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքի առնչությամբ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել
5/1/2025 17:26
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինծառայողների շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանին։
Համացանցում սկսել է մի տեսանյութ տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են 2 անձ վերցնում շիրմաքարին տեղադրված ծաղիկները։ Տեսագրությունն արվել է մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ծնողների տեղադրած տեսախցիկների միջոցով։ Տեսանյութում լսվում է, որ տղամարդկանցից մեկը մյուսին հրահանգում է վերցնել ծաղիկները, մյուսն էլ վերցնում է դրանք։ Ծաղիկները գողացել են հունվարի 2-ին՝ Գոռ Ասատրյանի գերեզմանի մոտից։
«Քննչական կոմիտեում հունվարի 4-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»,- ասաց Ավդալյանը։