Մոլի ջանքերով քայքայում են մեր պետականությունը

8/1/2025 12:43

Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում,- ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է գրել. «ՔՊ վերնախավն ու նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ մեկ օր ավելի իշխանությունում մնալու և պետության հաշվին վայելքների համար՝ ի հաշիվ Հայաստանի անվտանգության և առհասարակ գոյության։ Դրա համար, երկիր կառավարելու փոխարեն, նրանք լծված են իշխանություն պահպանելու քարոզչությանը, սակայն նրանց իշխանությունում մնալն արդեն հակադրվում է մեր ժողովրդի իրավունքներին ու պետության շահերին: Հենց իշխանությունը պահպանելու առաջնահերթության պատճառով նրանք մոլի ջանքերով քայքայում են մեր պետականությունը և թուլացնում մեր ժողովրդի դիմադրողականությունը։ Այդ քարոզչության բաղկացուցիչ մասն են կազմում երկրի ներսում մեկ ընտանեկան զույգի կողմից առաջ քաշվող օրակարգերը, որոնց տարածմանը չպետք է որևէ կերպ նպաստել։ Արդյունքում՝ երկրում արմատավորվում է պետականությունը քայքայող ավտորիտար կառավարումը: Լուրջ խնդիրներ են առաջացել երկրի կառավարման, մարդկանց իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության, զինված ուժերի և դիվանագիտության ղեկավարման համակարգերում։ Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից, որպեսզի կարողանանք դիմակայել Հայաստանի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին»,- գրել է Թաթոյանը: