Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և Եվրամիության մասնակցության միջև
9/1/2025 22:27
Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության մասնակցության միջև, այս երկու կազմակերպությունները «անհամատեղելի» են՝ հաշվի առնելով իրենց տարածքում ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները ինչ-որ պահի կմիավորվեն։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծն այս երկիրը դնում է ընտրության առաջ»,- ասել է նա։
ՌԴ փոխվարչապետի խոսքով, «եթե այս օրինագիծը մշակողները լիովին ազնիվ լինեին թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ ԵԱՏՄ այլ երկրների նկատմամբ, ապա կարող էին անմիջապես այն լրացնել հոդվածով, որտեղ կասվեր, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում է անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից»։
Օվերչուկը հավելել է նաև, որ, եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, «մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։