Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ

10/1/2025 14:29

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը պահանջում է Վաշինգտոնի ցանկությունը և քաղաքական կամքը,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է մեկնաբանել Պուտինի հետ հանդիպելու ծրագրերի մասին Թրամփի հայտարարությունները։ «Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ բաց է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի և Դոնալդ Թրամփի հետ շփումների համար: Դրա համար ոչ մի նախապայման չի պահանջվում: Պետք է փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք՝ երկխոսություն վարելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու համար»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Հիշեցնենք՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում: «Պուտինը ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,- ասել է Թրամփը լրագրողներին։