«Բարսելոնա»-ն նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը

13/1/2025 09:24

«Բարսելոնա»-ն նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում անցկացված եզրափակչում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 5:2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 22-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։ 36-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 39-րդ րոպեին կատալոնական թիմի երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Առաջին խաղակեսի ավելացված 10-րդ րոպեին հաշիվը 4:1 դարձրեց իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն։ 48-րդ րոպեին Ռաֆինյան ձեւակերպեց դուբլ։ 56-րդ րոպեին հեռացվեց «Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։ 60-րդ րոպեին «Ռեալի» երկրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ «Բարսելոնան» 15-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։ Սա Ֆլիկի առաջին տիտղոսն է կատալոնական թիմում։ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության անցած տարվա եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր «Ռեալը»։