Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք
14/1/2025 12:57
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ ԻԻՀ քաղաքացու հետ, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։
Մասնավորապես՝ սույն թվականի հունվարի 10-ին Մեղրի համայնքի հարակից տարածքում հանցավոր խմբի անդամները նախապես ընտրված թաքստոցից վերցրել են դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից հայ-իրանական պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի խմբաքանակը, որը պատրաստվում էին տեղափոխել Երևան: