Արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին

15/1/2025 12:20

Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին,- Նիկոլ Փաշինյանի գրառումն է. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք: Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ: Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված: Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի: Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբեւէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա: Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է եւ զարգացել: Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում: Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն: Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել: Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում: Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել: Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում»,- գրել է նա: