ԵՄ-ին միանալու գործընթացը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ
15/1/2025 14:36
Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ. այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նրանք (Հայաստան) ասում են, որ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն, բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկայում ստեղծված իրավիճակը: Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ են ընթանում նրա շուրջ, որ Հայաստանը մտերմանում է Եվրամիության հետ, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկն ազդարարող օրինագծին, իրավական առումով էական քայլ է կատարել։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք դա համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ: Հետագա քայլերը մնում են Հայաստանի կառավարությանը, կա՛մ պնդում են, որ ՀՀ կառավարության օրակարգում նման հարց չկա, կա՛մ որ չեն ցանկանում կամ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն, կա՛մ էլ որ կգնահատեն, թե որտեղ է իրենց համար ավելի լավ լինելու։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Օվերչուկը։