Ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պիտի փոխվի
16/1/2025 12:37
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պիտի փոխվի, և սա որևէ կերպ չի կասկածի տակ դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը:
«Այս ընտանեկան կամ կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը, իսկ ցանկացած պատերից ներս բռնությունն ուղիղ առնչվում է նաև հանրության շահերին, որովհետև այդ պատերի ներսի բռնությանը չարձագանքելու դեպքում այլ դրսևորումներ է ունենում: Այս առումով կարծում եմ, որ այս համակարգերը պետք է շարունակաբար զարգացնենք:
Մենք խոսում ենք հանցավոր երևույթի այսբերգի երևացող կողմի մասին, և մենք անընդհատ գնում ենք այդ այսբերգի գագաթի հետ ուզում ենք կռիվ տանք: Հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են հենց այս ընտանեկան կենցաղային բռնության պայմաններում, երբ որ բռնությունը դառնում է կուլտուրա տան մեջ, արդյունքում այն տնից դուրս է գալիս բակ, բակից թաղ, թաղից դպրոց, դպրոցից հանրություն և այդպես շարունակ։ Հետևաբար, ես հիշում եմ ինչ քննարկումներ կային, երբ որ օրենքները ընդունվում էին այս օրենքները, մեզ թվում էր, թե մենք ինչ-որ վատ բան ենք անում, մեր ավանդույթները քանդում ենք, բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը, այստեղ կասկած լինել չի կարող: Եթե ընտանիքի ներսում ներդաշնակություն հնարավոր չի լինում հաստատել այն տրամաբանությամբ, որ դրա ձայնը դուրս է գալիս, լսելի է դառնում պետությանը, ուրեմն պետությունը պետք է արձագանքի, պետությունը չի կարող որևէ ձայն չնկատելու տալ, որովհետև ինչքան չլսելու տվեց այդ ձայն, այդ ձայնը ավելի բարձրանալու է և վերջում դառնալու է այնպիսի մի պրոբլեմ, որն աղետալի հետևանքներ է բերելու»,- ասաց Փաշինյանը: