Մեկնարկել են Պուտին-Փեզեշքիան բանակցությունները
17/1/2025 16:19
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ են վարում Կրեմլում։ Օրակարգը ներառում է թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, զարգացումները Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։ Կքննարկվի նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ բացի այդ, նախագահները կխոսեն երկկողմ համագործակցության ընդլայնման մասին՝ առևտրի, ներդրումների, տրանսպորտի, լոգիստիկայի և հումանիտար ոլորտներում։ Բանակցությունների ավարտին Պուտինն ու Փեզեշքիանը կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը և հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։
«Իհարկե, միջազգային օրակարգի վերաբերյալ մեր խորհրդակցությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ, իհարկե, տարածաշրջանում»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ ողջունելով հյուրին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև այսօր ստորագրվելիք Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում գործնական համագործակցության համար։