Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

20/1/2025 09:26

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզում, Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Ապարան-Քուչակ և Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Եղանակային պայմաններով պայմանավորված՝ ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: «Հարգելի՛ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ: