Վրաերթից երիտասարդ կին է մահացել

20/1/2025 12:28

Այսօր՝ հունվարի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ալիկ Ն.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Հրանուշ Գ.-ին: Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է: