ԱԺ նիստը սկսվել է չհաստատված օրհներգով

20/1/2025 12:34

Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման գարնանային նստաշրջանի առաջին նիստից առաջ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգել են օրեր առաջ ավտովթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը։ Իսկ նիստը մեկնարկել է ՀՀ օրհներգի թարմացված տարբերակով, որը դեռ քննարկման փուլում է։ Իսկ պատին հայտնվել է Հայաստանի տարածքի ոսկեզօծ մանրակերտը։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ի նշան բողոքի, կախել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը՝ դրա համար օգտագործելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ամբիոնը։ «Հայ ժողովրդի հայրենիքն այսպիսին էր, եւ այն կմնա Ազգային ժողովում այս տեսքով այնքան ժամանակ, մինչեւ որ վերադարձվի»,- ասել է Մկրտչյանը։ Ավելի ուշ պաստառը հանվել է Պետական պահպանության ծառայության աշխատակցի կողմից։