Թրամփը` ԱՄՆ 47-րդ նախագահ արդեն պաշտոնապես
20/1/2025 23:11
Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
Արարողությանը ներկա են գտնվել նախկին նախագահներ Ջո Բայդենը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման, ինչպես նաև միլիարդատերեր Ջեֆ Բեզոսը, Մարկ Ցուկերբերգը, Սունդար Պիչայը, Թիմ Քուքը և Իլոն Մասկը:
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը:
«Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը»,- երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Թրամփը։
«Առաջին հերթին ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին։
ԱՄՆ բոլոր անօրինական ներթափանցումները կդադարեն, և կսկսվի միլիոնավոր հանցագործ տարրերի վերադարձն այնտեղ, որտեղից նրանք եկել են:
Ես զորքեր կուղարկեմ մեր հարավային սահման՝ հետ մղելու մեր երկիր այս ներխուժումը, որն իսկական աղետ է դարձել»,- հավելել է Թրամփը։
Նա հայտարարել է կարտելներն «ահաբեկչական կազմակերպություններ» հռչակելու մասին հրամանագիր ստորագրելու մտադրության մասին։
Թրամփը խոսել է նաև միայն երկու սեռի գոյության մասին․
«Այսօրվա դրությամբ ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ճանաչել միայն երկու սեռ՝ արական և իգական»,- հայտարարել է նա։