Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են

28/1/2025 09:47

Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը: Ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ հպարտությամբ հիշելով այն ճանապարհը, որը զինված ուժերը հաղթահարել են։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։ Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են։ Հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու հայրենասիրության հիմքի վրա։ Այսօր մեր զինվորներն ու սպաները մեծ պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են այդ կարևոր առաքելությունը՝ պաշտպանելով սահմանները և ապահովելով երկրի անվտանգությունը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի պաշտպանել Հայաստանի Հանրապետության անդորրը: Այսօր երախտագիտությամբ ենք հիշում հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի անկախության և ազատության: Նրանց սխրանքը մշտապես կմնա մեր սրտերում և կոգեշնչի նոր սերունդներին: Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը: Մենք հետևողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Սիրելի՛ զինծառայողներ, Ձեր անձնվիրությունն ու արիությունն անգնահատելի են։ Վստահ եմ, որ միասին՝ պետության, հասարակության և զինված ուժերի համախմբված ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել խաղաղ ու ապահով ապագա։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, միասնություն և նորանոր հաջողություններ մեր երկրի բարգավաճման ճանապարհին: Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»: