Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել

29/1/2025 12:32

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնն առողջություն, երջանկություն և առաջադիմություն բերի բարեկամ չին ժողովրդի բոլոր ընտանիքներին։ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերությունները ձևավորվել են պատմության խորքից եկող բարեկամական կապերի հիման վրա: Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում մեծապես կարևորում եմ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված հավասարու­թյան, փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի համատեղ ջանքերով էլ ավելի ընդլայնել մեր երկու երկրների միջև ձևավորված բազմաբնույթ համագործակցությունը՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով որակապես նոր մակարդակի վրա: Այս համատեքստում կարևորում եմ նաև Չինաստանի նախագահության ներքո Հայաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպու­թյան միջև փոխգործակցության ամրապնդումը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։ Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է. «Չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ իմ ջերմագին շնորհավորանքներն ու մաղթանքներն եմ հղում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին: Մաղթում եմ, որ գալիք տարին Չինաստանի համար լինի ներդաշնակության և բարգավաճման տարի: Մեծապես կարևորելով Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում այսուհետ ևս առավելագույն ջանքեր ներդնել դրանք որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու ուղղությամբ: Հավատացած եմ, որ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նախաձեռնություններում առկա ակտիվ համագործակցու­թյունը, բարձրաստիճան փոխայցելությունները, ինչպես նաև փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում, կնպաստեն վերոնշյալ նպատակների իրականացմանը»: