ՊԲ նախկին հրամանատարի կալանքի ժամկետը երկարացվեց

29/1/2025 14:33

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, երկարացրել է Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն դատարանից։ Քրեական գործը դատարանում է 2023թ․-ից, գտնվում է հիմնական դատալսումների՝ վկաների հարցաքննության փուլում, վկաների մի մասն արդեն իսկ հարցաքննվել է։ Գործը քննվում է դռնփակ ռեժիմով։ 2022թ. օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է «Արեգա»՝ ազատագրված բարձունքը թողնելուն և նահանջելուն։